ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆ (ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ)
-Հիմա ի՞նչ, պարոն Շաբոյան, չենք կարողանալո՞ւ օլիգարխների հախից գալ:
-Ինչո՞ւ եք սխալ մեկնաբանություն տալիս, մենք պայքարում ենք բոլոր չարաշահումների դեմ:
-Բոլոր-բոլո՞ր, այդ թվում, ասենք, շաքարի մենաշնորհի՞:
-Էլի սխալ եք մեկնաբանում. շաքարի ի՞նչն է չարաշահվում, մեր օրենսդրությունը չի արգելում խոշոր ընկերությունների առկայությունը:
-Այդքա՞ն էլ խոշոր: Էն բենզինի՞ հետ ինչ է կատարվում. ասում են` մնացել են ճամփին, Մեղրուց էս կողմ չեն թողնում, ասում են` միայն Ռուսաստանից բերեք:
-Տեղյակ չեմ, Ձեզնից եմ լսում:
-Պարո՜ն Շաբոյան, երկու շաբաթ է՝ մամուլը գրում է, ջնջում է, օրինակ է ծառայում, Դուք ինձնի՞ց եք լսում:
-Ասե՜ք, տեղեկացրեք խնդրի մասին, մենք կզբաղվենք:
-Ինչպիսի հրատապություն, էլ չեմ ասում` նվաստիս նկատմամբ ինչպիսի՜ վստահություն: Բոլոր հարցերո՞ւմ եք այդքան «օպերատիվ» և «վստահելի»:
-Այո: Եթե այլ հարցեր ունեք, դիմեք մեր մամլո ծառայությանը:
-Լավ, էդ դեպքում թույլ տվեք զրուցել քաղաքացի Շաբոյանի հետ: Քաղաքացի Շաբոյանն ի՞նչ է մտածում այն փաստագրման մասին, որ Ռուսաստանն ամենքին ու ամեն ինչ փորձում է կենտրոնացնել իր ձեռքերում։ Բա մեղք չե՞նք:
-Մեր կառույցին ու օրենսդրությանը վերաբերող հարցեր չեն դրանք, մեզ վերաբերող հարցեր տվեք:
-Տա՜մ. չե՞ք տխրում, որ մենք այսպես` «օրենսդրորեն», մտնում ենք Մաքսային միություն:
-Ոչ, չեմ տխում։ Մաքսային միությունը նոր հեռանկարներ է բացելու մեր երկրի առաջ, տնտեսավարողների թիվն է ավելանալու, նոր շուկաներ են բացվելու:
-Բայց առայժմ փակվում են. հրեն Մեղրու օրինակը: Էլ չեմ ասում, թե ինչ վիճակ է դեղերի շուկայում. խմում ենք մենք այդ դեղերը, թունավորվում ու մեռնում:
-Դա որակի խնդիր է, իսկ որակի ու անվտանգության խնդիրները մեր դաշտում չեն գտնվում:
-Քաղաքացի Շաբոյանի սիրտը չի՞ ցավում, որ մենք «մեռնում» ենք:
-Ցավում է, շատ է ցավում: ՈՒ եթե ես, որպես Արտակ Շաբոյան, հանդիպեմ նման բանի, իմ բողոքը կգրեմ իրավասու մարմիններին:
-Պարզ է, «քաղաքացին» դեռ չի հանդիպել «նման» դեղորայքի, որովհետև ինֆորմացված է` որ դեղն է նպաստում «մեռնելուն», որը` ոչ: Իսկ քաղաքացի Շաբոյանն անդամագրվե՞լ է կուտակայինի դեմ պայքարին:
-Ո՛չ:
-Չե՞ք մասնակցելու միտինգներին:
-Ո՛չ:
-Մուծե՞լ եք կուտակայինը:
-Այո՛:
-Քաղաքացի Շաբոյան, ինչո՞ւ եք խախտել Հայաստանի գերագույն իրավական մարմնի օրենքը, չէ՞ որ ՍԴ-ն կասեցրել է օրենքի կիրարկումը:
-Ոչ թե քաղաքացի Շաբոյանն է մուծել` անձամբ, այլ մեր հաշվապահությունն ընդհանուր կարգով գանձել է այդ գումարները: Իսկ օրենքը, ինչպես նշեց սոցապնախարարը, ուժի մեջ է մտել հունվարի մեկից: Պարո՜ն Սահակյան (դիմեց ՀՀԿ ֆրակցիայի քարտուղար Հովհաննես Սահակյանին ՏՄՊՊՀ նախագահը), էս ի՞նչ բան է, օրինախախտ էլ դառա («Մի՛ ասա, մի՛ ասա, Արտակ ջան, հիմա էլ կգնա-կգրի, թե Սահակյանը «սարքել» էր Շաբոյանի գլխին»,- բարեկամական խորհուրդ տվեց ՏՄՊՊՀ յուր կուսակից գործընկերոջը ֆրակցիայի քարտուղարը):
-Քաղաքացի Շաբոյան, ինչո՞ւ չեք սպասել մարտի 28-ին, երբ ՍԴ-ն վերջնական որոշում կկայացներ:
-Օրենքն ընդունված է, օրենքն ուժի մեջ է, մեր աշխատակազմն իրականացնում է իր գործառույթները: Դա մեր հիմնարկում միասնական է իրականացվում: Դա միայն ինձնով չի պայմանավորված:
-Բա էդ մուծումները չե՞ն ազդել Ձեր ֆինանսական վիճակի վրա, Դուք չե՞ք աղքատացել դրանից հետո:
-Դրանք արդեն անձնական խնդիրներ են, ես մեկնաբանություններ չեմ տալիս:
Մրցակցեց-չպաշտպանեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ